Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորները ո՛չ սոված են եղել, ո՛չ էլ բահերով են կռվել
26.05.2020 | 00:27
Ազգային ժողովում ձևավորված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովը գրեթե ավարտել է քննությունը: Մնացել են մեկ-երկու բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնց կլսի հանձնաժողովը ու կսկսի պատրաստել սեպտեմբերին հրապարակվելիք եզրակացություն-արձանագրությունը: Խորհրդարանական թե՛ մեծամասնության, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների՝ հանձնաժողովում ներգրավված պատգամավորներն արդեն իսկ փաստում են՝ թեզը, թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել ու փամփուշտ չունենալու պատճառով բահերով են կռվել, չի համապատասխանում իրականությանը: «Այդ դեպքում ինչու՞ էին այն ժամանակվա ընդդիմադիրները, որ այսօր մեծ մասամբ իշխանության են, նման թեզեր հրամցնում հասարակությանը»,- հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գուցե: Բայց փաստն ու ճշմարտությունն այն է, որ զինվորները սոված չեն եղել, փամփուշտ էլ բոլոր դիրքերում է եղել: Ավելին՝ այդ օրերին մեր զինվորներն ու զիծառայողներն առհասարակ այնպիսի փորձություններ են հաղթահարել և մարտական առաջադրանքներ կատարել, ինչի մասին երբևէ չի խոսվել: Պետք է ոչ միայն բարձրաձայնել դրանց մասին, այլ այդ ամենը հաշվի առնելով՝ խրախուսական նոր պարգևատրումներ անել»,- պատասխանեց իմքայլականը:
Նույն հարցը նաև ընդդիմադիր պատգամավորին ուղղեցինք: Հավելեցինք նաև՝ չե՞ն պատրաստվում «պատերազմը դավադրություն համարող» վարչապետ Նիկոլ Փաշինյանին նույնպես հրավիրելու հարցազրույցի: «Պատերազմից հետո, այո, ցավոք, եղան մարդիկ, որ, տվյալ պահին իշխանությանը վնասելու մոլուցքով տարված, պատրաստ էին վնասելու նաև պետությունն ու պետականությունը: Ինչ վերաբերում է զինվորների սոված լինելուն կամ խոտ ուտելուն, ընդամենը մի բան կասեմ՝ չի կարելի խաղալ այն մարդկանց պատվի ու արժանապատվության հետ, որոնք, իսկապես, կյանքը չեն խնայել առաջնագիծ անհրաժեշտ պարագաներ ու սնունդ հասցնելու համար,- ընդգծեց մեր զրուցակիցն ու հավելեց,- Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արդեն իսկ ասել է՝ նպատակահարմար չի գտնում Փաշինյանին հանձնաժողով հրավիրել, իսկ նրա՝ «Ապրիլյանը դավադիր պատերազմ» լինելու թեզի մասին կարող եմ ասել հետևյալը՝ Փաշինյանն առայսօր չճշտված փաստերի հիման վրա եզրահանգումներ անելու սովորություն ունի: Մտածում էի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կգիտակցի, թե ինչ ասել է խոսքի արժեք ու անպատասխանատու հայտարարություններ էլ չի անի: Բայց, ցավոք, մեր հույսերը չարդարացան, ու նա շարունակում է գործել ոչ որպես պետական գործիչ, այլ որպես Facebook-յան օգտատեր»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ